
Սև ուրբաթ։ Ինչպես խուսափել այս օրերին շատ ծախսելուց
Քչերը գիտեն, որ «Սև ուրբաթ» անվանումը սկզբում ոչ մի կապ չուներ զեղչերի հետ։ Այն բոլորովին բացասական իմաստ ուներ։
Պատմությունը սկսվում է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքից՝ 1950–60-ական թվականներին։ Գոհաբանության օրվան հաջորդող ուրբաթ օրը քաղաքի կենտրոնը լցվում էր գնորդներով և զբոսաշրջիկներով, որոնք գալիս էին շաբաթ օրը կայանալիք Բանակ–Նավատորմ ֆուտբոլային խաղին։ Ոստիկաններն այդ օրը հանգստանալ չէին կարող և ստիպված էին աշխատել երկարացված հերթափոխով՝ խցանումների ու ամբոխի պայմաններում։ Հենց նրանք էլ այդ օրն անվանեցին «Սև ուրբաթ»՝ նկատի ունենալով դժվար ու ծանր աշխատանքային օրը։
Խանութների սեփականատերերին այդ անվանումը դուր չէր գալիս, և 1961 թվականին փորձեցին այն փոխարինել ավելի դրական՝ «Մեծ ուրբաթ» անվանմամբ, բայց չստացվեց։ Անունը մնաց, իսկ 1980-ականներին տարածվեց ամբողջ ԱՄՆ-ով։
Այսօր Սև ուրբաթն արդեն մեկ օր չէ, այլ մի ամբողջ սեզոն, որին պետք է պատրաստվել նաև ֆինանսապես։ Առաջարկում ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն քեզ խուսափել տոնական շրջանում իմպուլսիվ գնումներից։
Ինչպես խուսափել չափից շատ ծախսելուց
Եթե գիտես, թե ինչ ես գնում և ինչու, Սև ուրբաթի շրջանում իսկապես կարող ես խնայել։ Սակայն շատերը, տեսնելով մեծ զեղչերն ու սահմանափակ առաջարկները, մտածում են, թե ամեն ինչ պետք է գնել հենց այդ պահին։
Որպեսզի չհայտնվես նման իրավիճակում, կարող ես նախապես պլանավորել գնումներդ։

1. Կազմիր գնումների ցանկ
Մինչ քո սիրելի բրենդների սև ուրբաթյան առաջարկներին ծանոթանալը, կազմիր ցանկ և գրի առ այն ամենը, ինչն իսկապես քեզ անհրաժեշտ է և պլանավորում ես գնել։ Հետո համեմատիր ցանկդ զեղչված ապրանքների հետ։
2. Ստուգիր գները մինչև Սև ուրբաթը
Ցանկում ներառված ապրանքների գները Սև ուրբաթից 3–4 շաբաթ առաջ պահիր սքրինշոթների կամ գրառումների տեսքով, որպեսզի հետո կարողանաս համեմատել և հասկանալ՝ իրական է զեղչը, թե ոչ։
3. Կիրառիր 24 ժամվա կանոնը
Եթե ցանկ չես կազմել կամ գնումների ընթացքում տեսել ես մի բան, որը կցանկանայիր գնել, սպասիր 24 ժամ՝ մինչև այն զամբյուղում ավելացնելը։ Թեև առաջարկները հաճախ ներկայացվում են որպես սահմանափակ, մեկ օր սպասելը կօգնի քեզ խուսափել էմոցիոնալ գնումներից։
4. Անջատիր գովազդային ծանուցումները
Խանութների գովազդային նամակներն ու ծանուցումները ստեղծված են մեկ նպատակով՝ քեզ կրկին վերադարձնել կայք։ Սև ուրբաթից առաջ մաքրիր էլեկտրոնային փոստդ, ապաբաժանորդագրվիր այն խանութների նամակներից, որոնցից երբեք գնումներ չես կատարել, և անջատիր հավելվածների գովազդային ծանուցումները։
5. Մի՛ տրվիր «գնիր հիմա, վճարիր հետո» առաջարկներին
Ապառիկի ամսական 5,000 դրամ վճարումը կարող է փոքր գումար թվալ։ Սակայն կարևոր է հաշվի առնել ոչ միայն ամսական վճարը, այլև գնումի վերջնական արժեքը՝ ներառյալ հնարավոր տոկոսները, միջնորդավճարներն ու լրացուցիչ վճարները։
6. Առցանց գնումների համար առանձին քարտ օգտագործիր
Սև ուրբաթից առաջ այդ քարտին փոխանցիր այնքան գումար, որքան պլանավորում ես ծախսել։ Այդպես ավելի հեշտ կլինի վերահսկել բյուջեդ և խուսափել նախատեսվածից ավելի ծախսելուց։ Առանձին քարտ օգտագործելը նաև կօգնի սահմանափակել առցանց գնումների հետ կապված ֆինանսական ռիսկերը։
7. Ֆիլտրիր առաջարկները
Ամեն գնումից առաջ ինքդ քեզ մի հարց տուր՝ «Եթե այս իրը զեղչված չլիներ, կգնեի՞»։ Եթե պատասխանը «ոչ» է, ուրեմն հիմա էլ կարող ես չգնել։ Միայն այն փաստը, որ ապրանքը զեղչված է, չի նշանակում, որ այն քեզ պետք է։
8. Գնա հոսանքին հակառակ
Այն գումարը, որը պատրաստվում ես ծախսել հերթական անպետք իրի վրա, փոխանցիր խնայողական կամ ներդրումային հաշվիդ։ Թե որտեղ կարելի է ներդնել, մանրամասն գրել ենք «Ներդրում անելու 11 եղանակ» հոդվածում։
Հետաքրքիր փաստեր Սև ուրբաթի մասին
Եկեք դիտարկենք վիճակագրությունը և հասկանանք՝ որքան են մարդիկ իրականում խնայում, որքան ծախսում և արդյոք զղջում են իրենց գնումների համար։

1. Զեղչը միշտ չէ, որ զեղչ է
Բրիտանական Which? կազմակերպությունը 2025 թվականին հրապարակված ուսումնասիրության շրջանակում հետևել է 8 խոշոր խանութում վաճառվող 175 ապրանքի գներին և պարզել, որ դրանց 100%-ը Սև ուրբաթից առաջ կամ հետո՝ վեցամսյա ժամանակահատվածում, վաճառվել է նույն կամ նույնիսկ ավելի ցածր գնով։
2. Մենք ծախսում ենք ավելին, քան պլանավորել էինք
Starling Bank-ի հարցման համաձայն՝ նախկինում Սև ուրբաթին գնումներ կատարածների 88%-ը գերազանցել է իր նախատեսած բյուջեն։
3. Սև ուրբաթին գնումներ կատարողների մոտ մեկ երրորդը զղջում է
Novuna-ի հետազոտության համաձայն՝ գնորդների 31%-ը զղջացել է Սև ուրբաթի ընթացքում կատարած առնվազն մեկ գնման համար, իսկ 18–34 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 49%-ի։
4. «Գնիր հիմա, վճարիր հետո» գործիքը կարող է նպաստել ավելորդ ծախսերին
LendingTree-ի 2026 թվականի հարցման համաձայն՝ «Գնիր հիմա, վճարիր հետո» ծառայությունից օգտվածների 68%-ը նշել է, որ այն դրդել է իրենց ծախսել ավելին, քան պլանավորել էին։ Իսկ Bankrate-ի 2025 թվականի հետազոտության համաձայն՝ նման ծառայություններից օգտվածների 16%-ը մոռացել է ժամանակին կատարել վճարումները։
5. Սոցիալական ցանցերն ազդում են մեր գնումների վրա
Իռլանդիայի սպառողների պաշտպանության հանձնաժողովի (CCPC) 2025 թվականի հետազոտության համաձայն՝ Սև ուրբաթին գնումներ կատարել պատրաստվողների 28%-ի որոշման վրա կարող են ազդել բլոգերների առաջարկությունները։ Իսկ 15–24 տարեկանների շրջանում այդ ցուցանիշը հասնում է 40%-ի։
Այսինքն՝ յուրաքանչյուր գրավիչ առաջարկ դիտարկելիս արժե մտածել՝ ապրանքն իրո՞ք քեզ է պետք, թե՞ պարզապես լավ է գովազդվել։
Ամփոփում
Հիշիր՝ խանութների նպատակը քեզ ավելի շատ ապրանք վաճառելն է, իսկ քոնը՝ քո գումարը ճիշտ կառավարելը։
Ուստի մինչև հերթական զեղչին տրվելը ստուգիր ապրանքի իրական գինը, վերանայիր բյուջեդ և մտածիր՝ արդյոք այս գնումը համապատասխանում է քո ֆինանսական նպատակներին։
Ի վերջո, Սև ուրբաթի ամենահաջող գնումը ոչ թե ամենամեծ զեղչով ապրանքն է, այլ այն, որի համար հետո չես զղջա։

Հեղ.՝ Finance Academy
Հրապարակվել է ՝ 11 Նոյ 2026