
Ինչի՞ց սկսել ներդրումները և որտե՞ղ ներդնել՝ 11 տարբերակ
Այս հոդվածում կքննարկենք՝
5. Փոխադարձ (ներդրումային) ֆոնդեր
7. Բորսայում վաճառվող ֆոնդեր (ETF)
Ներդրումներ կատարելու համար պարտադիր չէ մեծ կարողություն ունենալ, ֆինանսական կրթություն ստացած լինել կամ տարիների փորձ ունենալ։ Աշխարհի ամենահայտնի ներդրողներն էլ ժամանակին սկսել են փոքր գումարից, սխալվել են ու սովորել։
Մի քանի տասնամյակ առաջ բաժնետոմս գնելու համար պետք էր զանգել բրոքերին ու յուրաքանչյուր գործարքի համար վճարել բարձր ֆիքսված միջնորդավճար։ Շատ ընկերություններ հաշիվ էին բացում միայն զգալի նվազագույն գումարի դեպքում, իսկ տեղեկատվությունը թանկ ու դժվարհասանելի էր։ ԱՄՆ-ում բրոքերային միջնորդավճարներն ազատականացվեցին միայն 1975-ին, իսկ սովորական ներդրողների համար առաջին ինդեքսային ֆոնդը հայտնվեց 1976-ին։
Այսօր իրավիճակը բոլորովին այլ է։ Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ հնարավոր է ներդրում կատարել նույնիսկ փոքր գումարով՝ բանկային հավելվածների, բրոքերային հարթակների և ներդրումային ֆոնդերի միջոցով։ Որոշ հարթակներ հնարավորություն են տալիս գնել նույնիսկ մեկ բաժնետոմսի մի մասը։
Այսպիսով, ներդրումներ սկսելու համար ամենակարևորը ոչ թե մեծ գումարն է, այլ ճիշտ տեղեկատվությունը, հստակ նպատակը և ձեր հնարավորություններին համապատասխան ընտրված ռազմավարությունը։
Այս հոդվածում կներկայացնենք ներդրումային հիմնական տարբերակները՝ սկսած համեմատաբար ցածր ռիսկային գործիքներից մինչև ավելի բարձր ռիսկ ենթադրող ակտիվներ, կխոսենք դրանց առավելությունների և ռիսկերի մասին, ինչպես նաև կպարզաբանենք՝ ինչից սկսել, եթե դեռ ներդրումային փորձ չունեք։
Իսկ եթե ցանկանում եք հաշվարկել ներդրումներից ստացված եկամուտը՝ կարող եք նշել Ձեր սկզբնական գումարը, սպասվող տոկոսադրույքը և հաշվել եկամտաբերությունը ներդրումային հաշվիչի օգնությամբ։
ԿԱՐԵՎՈՐ է. հոդվածը կրթական բնույթ է կրում և ներդրումային խորհրդատվություն չէ։ Հոդվածում նշված արժեթղթերն ու ընկերությունները օրինակներ են, ոչ թե կոնկրետ առաջարկ։ Ուստի խորհուրդ ենք տալիս որոշում կայացնելուց առաջ ստուգել պայմանները և անհրաժեշտության դեպքում խորհրդակցել մասնագետի հետ։
Որտե՞ղ ներդնել
Ընդհանուր առմամբ՝ որքան բարձր է տվյալ ներդրման հնարավոր եկամտաբերությունը, այնքան ավելի ռիսկային է այն։
Որպեսզի հասկանաք՝ որտեղ ներդնել, պետք է հաշվի առնել.
- ինչ նպատակով եք ներդրում կատարում,
- որքան ժամանակ կարող եք ձեռք չտալ այդ գումարին,
- որքան մեծ ռիսկի եք պատրաստ գնալ, կամ որն է այն գումարի չափը, որը կորցնելու դեպքում չէիք անհանգստանա։
Օրինակ՝ եթե գումարը ձեզ անհրաժեշտ է մեկ տարի հետո՝ ճանապարհորդության համար, ապա այն ամբողջությամբ բաժնետոմսերում ներդնելը խելամիտ չի լինի։ Իսկ եթե նպատակն է 10–15 տարվա ընթացքում կապիտալ կուտակել, կարող եք դիտարկել նաև ավելի բարձր ռիսկային գործիքներ։
Եկեք քննարկենք դրանցից մի քանիսը։
| Տարբերակ | Ռիսկ | Նվազագույն գումար | Հարմար ժամկետ | Մոտավոր եկամտաբերություն |
| 1. Խնայողական հաշիվ | Շատ ցածր | ~20,000 դրամ (~$50) | Ցանկացած | ~3–5% դրամով |
| 2. Բանկային ավանդ | Ցածր | ~30,000 դրամ (~$80) | 6 ամիս–3 տարի | ~8–10% դրամով, ~3–5% դոլարով |
| 3. Պետական պարտատոմսեր | Ցածր | Կախված է թողարկումից և հարթակից | 1–10+ տարի | ~7.5–8.5% դրամով, առանց հարկի |
| 4. Կորպորատիվ պարտատոմսեր | Ցածր-միջին | ~100,000 դրամ (~$270) | 1–5 տարի | ~9–11% դրամով, ~6% դոլարով |
| 5. Փոխադարձ (ներդրումային) ֆոնդեր | Միջին | ~$10–100 | 3+ տարի | Կախված է ֆոնդից |
| 6. Բաժնետոմսեր | Բարձր | ~$100 (կոտորակային բաժնետոմսերով՝ ավելի քիչ) | 5+ տարի | Կանխատեսելի չէ |
| 7. ETF-ներ | Միջին | Մեկ ETF միավորի գինը (կոտորակային միավորներով՝ ավելի քիչ) | 5+ տարի | Փոփոխական է |
| 8. Անշարժ գույք | Միջին | ~$40,000-ից | 7+ տարի | Վարձակալություն + գնի աճ |
| 9. Ոսկի և թանկարժեք մետաղներ | Միջին | ~$130 (1 գրամ),ETF-ով՝ ավելի քիչ | 5+ տարի | Միայն գնի փոփոխություն |
| 10. Կրիպտոարժույթներ | Շատ բարձր | ~$50 | Անորոշ | Կանխատեսելի չէ |
| 11. Ստարտափներ | Շատ բարձր | Կախված է հարթակից և գործարքից | 5–10+ տարի | Հաջողության դեպքում՝ բազմապատիկ (երբեմն 10x և ավելի) |
1. Խնայողական հաշիվ
Խնայողական հաշիվը բանկային հաշիվ է, որի վրա պահվող գումարի դիմաց բանկը հաշվարկում և վճարում է տոկոսագումար։ Ի տարբերություն ժամկետային ավանդի՝ այստեղ ցանկացած պահի կարող եք գումար ավելացնել կամ հանել։
Ո՞ւմ համար է
Եթե նոր եք սկսում գումար խնայել, ցանկանում եք ունենալ պահուստային միջոցներ կամ դեռ չեք կողմնորոշվել՝ որտեղ ներդնել, խնայողական հաշիվը հարմար տարբերակ է։ Այս հաշվին կարող եք փոխանցել ձեր ամսական եկամտի առնվազն 10%-ը, մինչև հավաքվի 3–6 ամսվա ծախսերին համարժեք գումար կամ ձեր նպատակային գումարը։
Սկզբնական գումար՝ մոտավորապես 20,000 դրամ։ Նվազագույն շեմը կախված է ձեր ընտրած բանկից։ Պետք է նաև հաշվի առնել, որ որոշ բանկերում, եթե հաշվի մնացորդը պայմաններում նշված գումարից պակաս է, ոչ միայն տոկոսագումար չեք ստանա, այլ նաև ձեզանից մի քանի հարյուր դրամ կգանձվի։
🟢Առավելությունները
- Գումարը հասանելի է գրեթե ցանկացած պահի, և կարող եք պարբերաբար համալրել հաշիվը։
- ՀՀ բանկերում ֆիզիկական անձանց համապատասխան ավանդներն ու խնայողական հաշիվները երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից։
🔴Ռիսկերը
- Տոկոսադրույքները շատ ցածր են, որոշ դեպքերում նույնիսկ գնաճից ավելի ցածր։
- Ստացված եկամուտը հարկվում է։
2. Բանկային ավանդ
Ավանդի դեպքում որոշակի գումար որոշակի ժամկետով տեղադրում եք բանկում, իսկ բանկը պարտավորվում է դրա դիմաց վճարել տոկոսագումար։ Ավանդները կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ, համալրվող կամ չհամալրվող, տոկոսների ամսական վճարմամբ կամ ժամկետի ավարտին վճարմամբ։
Ո՞ւմ համար է
Եթե ունեք հստակ ֆինանսական նպատակ և գիտեք, որ գումարը ձեզ անհրաժեշտ չի լինելու առաջիկա 6–12 ամիսներին կամ ավելի երկար ժամանակահատվածում, ավանդը հարմար տարբերակ է և ունի կանխատեսելի եկամտաբերություն։ Օրինակ՝ եթե մեկ տարի հետո ցանկանում եք մեկնել ճանապարհորդության, գումար եք հավաքում ուսման կամ խոշոր գնումի համար, կարող եք ընտրել այս տարբերակը։
Սկզբնական գումար՝ մոտ 30,000 դրամ։ Նվազագույն շեմը կախված է կոնկրետ բանկի առաջարկած պայմաններից։
🟢Առավելությունները
- Նախապես գիտեք պայմանագրով սահմանված տոկոսադրույքը և կարող եք հաշվարկել ակնկալվող եկամուտը։
- ՀՀ-ում ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորվում են օրենքով սահմանված չափով։ Ներկայումս երաշխավորման առավելագույն չափը դրամային ավանդների համար 16 միլիոն դրամ է, իսկ արտարժութային ավանդների համար՝ 7 միլիոն դրամ։
🔴Ռիսկերը
- Ժամկետից շուտ գումարը հետ պահանջելու դեպքում կարող եք կորցնել կուտակված տոկոսների մի մասը կամ ամբողջը՝ կախված պայմանագրից։
- Արտարժութային ավանդների դեպքում դրամի փոխարժեքի փոփոխությունն ազդում է ձեր իրական եկամտի վրա։
- Ստացված եկամուտը հարկվում է։
3. Պետական պարտատոմսեր
Պարտատոմս գնելիս գումար եք տրամադրում պարտք վերցնողին (տվյալ դեպքում՝ պետությանը),որը պարտավորվում է այն վերադարձնել սահմանված ժամկետում՝ պայմանավորված տոկոսների հետ միասին։ ՀՀ պետական պարտատոմսերը թողարկվում են ՀՀ կառավարության կողմից, և դրանց միջոցով պետությունը ներգրավում է ֆինանսական միջոցներ։
Պարտատոմսերը կարող են լինել տարբեր ժամկետների, իսկ եկամուտը վճարվում է կա՛մ պարբերաբար՝ արժեկտրոնների տեսքով, կա՛մ ամբողջությամբ՝ մարման պահին։ Հայաստանում պետական պարտատոմսեր կարող եք ձեռք բերել նաև Ֆինանսների նախարարության gp.minfin.am հարթակի միջոցով՝ առանց միջնորդավճարի։
Ո՞ւմ համար է
Եթե ցանկանում եք ներդրում կատարել համեմատաբար կանխատեսելի եկամտաբերությամբ գործիքում և պատրաստ եք գումարը պահել մինչև պարտատոմսի մարման ժամկետը, պետական պարտատոմսերը հարմար տարբերակ են։ Հատկապես եթե չեք ուզում պարբերաբար հետևել ֆոնդային շուկայի տատանումներին, բայց ցանկանում եք գումարն ինչ-որ կերպ աշխատեցնել։
Սկզբնական գումար՝ նվազագույն գումարը կախված է կոնկրետ թողարկումից և գնման հարթակից։
🟢Առավելությունները
- ՀՀ պետական պարտատոմսերը համարվում են համեմատաբար ցածր վարկային ռիսկ ունեցող գործիքներ, քանի որ դրանց թողարկողը պետությունն է։
- Ի տարբերություն ավանդների՝ ստացված եկամուտը չի հարկվում։
🔴Ռիսկերը
- Եթե որոշեք վաճառել պարտատոմսը մինչև մարման ժամկետը, դրա շուկայական գինը կարող է ավելի ցածր լինել գնման գնից։
- Գնաճը կարող է նվազեցնել ստացվող ֆիքսված եկամտի գնողունակությունը։
4. Կորպորատիվ պարտատոմսեր
Կորպորատիվ պարտատոմսերը թողարկվում են մասնավոր ընկերությունների, այդ թվում՝ բանկերի կողմից։ Դրանք գնելով՝ դուք գումար եք տրամադրում տվյալ ընկերությանը, իսկ վերջինս պարտավորվում է սահմանված ժամկետներում վճարել տոկոսները և վերադարձնել հիմնական գումարը։
Ի տարբերություն պետական պարտատոմսերի՝ այստեղ ձեր գումարը տրամադրում եք ոչ թե պետությանը, այլ կոնկրետ կազմակերպության։ Հետևաբար ռիսկը կախված է ընկերության ֆինանսական վիճակից, պարտավորությունները կատարելու կարողությունից և թողարկման պայմաններից։
Ո՞ւմ համար է
Եթե արդեն ծանոթ եք պարտատոմսերին, ցանկանում եք ստանալ տոկոսային եկամուտ և պատրաստ եք ընդունել ավելի մեծ ռիսկ, քան պետական պարտատոմսերի դեպքում, կարող եք դիտարկել կորպորատիվ պարտատոմսերը։ Դրանք կարող են հետաքրքրել նաև այն ներդրողներին, ովքեր ցանկանում են գումարը ներդնել տարբեր ոլորտների ընկերություններում՝ առանց բաժնետեր դառնալու։
Սկզբնական գումար՝ մոտավորապես 100,000 դրամ։ Նվազագույն գնման գումարը և քանակը կախված են թողարկողից։
🟢Առավելությունները
- Եկամտաբերությունն ավելի բարձր է, քան պետական պարտատոմսերինը և ավանդներինը։
- Հարկային արտոնություն՝ հրապարակային թողարկումների եկամուտը եկամտային հարկից ազատված է մինչև 2027 թ. վերջը։
🔴Ռիսկերը
- Եթե ընկերությունը հայտնվի ֆինանսական դժվարությունների մեջ, կարող է չկարողանալ վերադարձնել պարտքը կամ վճարել տոկոսները։
- Որոշ կորպորատիվ պարտատոմսեր դժվար է արագ վաճառել, իսկ վաղաժամ վաճառքի դեպքում հնարավոր է գումար կորցնել։
5. Փոխադարձ (ներդրումային) ֆոնդեր
Բազմաթիվ ներդրողների գումարները համախմբվում են մեկ ֆոնդում, և մասնագետ կառավարիչը դրանք ներդնում է բաժնետոմսերում, պարտատոմսերում կամ այլ ակտիվներում։ Դուք գնում եք ֆոնդի բաժնեմաս, որի արժեքը փոխվում է ակտիվների արժեքի հետ միասին։ Այս սկզբունքով են աշխատում նաև կուտակային կենսաթոշակային ֆոնդերը, որոնք կառավարում են «Ամունդի-ԱԿԲԱ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա» ընկերությունները։
Ո՞ւմ համար է
Եթե ցանկանում եք ներդրում կատարել արժեթղթերում, բայց չեք ցանկանում դրանցից յուրաքանչյուրը ինքնուրույն ընտրել և ուսումնասիրել, կարող եք դիտարկել այս ֆոնդերը։
Սկզբնական գումար՝ մոտ $10–100՝ կախված ֆոնդից և հարթակից։
🟢Առավելությունները
- Մեկ ներդրմամբ հասանելիություն եք ստանում մի քանի տարբեր գործիքների։
- Պորտֆելի կառավարումն իրականացնում են մասնագետները, և պարտադիր չէ ինքնուրույն ընտրել յուրաքանչյուր արժեթուղթ։
🔴Ռիսկերը
- Ներդրված գումարի վերադարձը երաշխավորված չէ։
- Կան կառավարման և այլ վճարներ, որոնք նվազեցնում են վերջնական եկամտաբերությունը։
6. Բաժնետոմսեր
Բաժնետոմս գնելիս դուք ձեռք եք բերում ընկերության սեփականության որոշակի մասնաբաժին և դառնում դրա բաժնետեր։ Եթե ընկերությունը զարգանում է և շուկայում նրա արժեքը մեծանում է, բաժնետոմսի գինը կարող է բարձրանալ։ Բացի այդ, որոշ ընկերություններ իրենց բաժնետերերին վճարում են շահաբաժիններ (դիվիդենդներ)։
Օրինակ՝ կարող եք գնել Apple-ի, Microsoft-ի, Coca-Cola-ի կամ այլ հանրահայտ ընկերությունների բաժնետոմսեր։ Սակայն պետք է հիշել, որ նույնիսկ խոշոր և հայտնի ընկերությունների բաժնետոմսերի գները կարող են կտրուկ նվազել։
Ո՞ւմ համար է
Եթե պատրաստ եք գումարը ներդնել երկարաժամկետ հեռանկարով, ընդունում եք շուկայի տատանումները և պատրաստ եք ուսումնասիրել ընկերությունների ֆինանսական ցուցանիշները, բաժնետոմսերը կարող են լինել ձեր ներդրումային պորտֆելի մի մասը։
Սկզբնական գումար՝ մոտ $100։ Որոշ բրոքերներ առաջարկում են կոտորակային բաժնետոմսեր, որոնց միջոցով հնարավոր է գնել մեկ ամբողջ բաժնետոմսից փոքր մասնաբաժին։ Սակայն ոչ բոլոր հարթակներն են տրամադրում այդ հնարավորությունը։
🟢Առավելությունները
- Երկարաժամկետ հեռանկարում կապիտալի աճի զգալի ներուժ ունեն։
- Որոշ ընկերություններ վճարում են դիվիդենդներ, որոնք կարող են ապահովել պարբերական եկամուտ։
🔴Ռիսկերը
- Բաժնետոմսերի գները կարող են կտրուկ տատանվել, և հնարավոր է կորցնել ներդրված գումարի մի մասը կամ ամբողջը։
- Առանձին ընկերության ֆինանսական խնդիրները, ոլորտային փոփոխությունները կամ շուկայական ճգնաժամերը կարող են բացասաբար ազդել բաժնետոմսի արժեքի վրա։
7. Բորսայում վաճառվող ֆոնդեր (ETF)
ETF-ը (Exchange-Traded Fund) ներդրումային ֆոնդ է, որի բաժնետոմսերը գնվում և վաճառվում են բորսայում՝ սովորական բաժնետոմսերի նման։ Այն կարող է ներառել տասնյակ, հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր ընկերությունների բաժնետոմսեր, պարտատոմսեր կամ այլ ակտիվներ։
Օրինակ՝ կարող եք գնել ETF, որը ներառում է տեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ, կամ ֆոնդ, որը հետևում է ամերիկյան խոշոր ընկերությունների շուկային։ Այսպիսով, մեկ գործիքով կարող եք ներդրում կատարել բազմաթիվ ընկերություններում։
Ո՞ւմ համար է
Եթե ցանկանում եք ներդրում կատարել ֆոնդային շուկայում, բայց չեք ցանկանում ինքնուրույն ընտրել առանձին ընկերությունների բաժնետոմսեր, ETF-ները կարող են լինել հարմար տարբերակ։ Դրանք հատկապես օգտակար են այն ներդրողների համար, ովքեր ցանկանում են դիվերսիֆիկացնել ներդրումները։
Սկզբնական գումար՝ մեկ ամբողջական ETF միավորի գնին համապատասխան գումար։ Կոտորակային միավորներ առաջարկող հարթակներում կարելի է սկսել ավելի փոքր գումարով։
🟢Առավելությունները
- Մեկ գործիքով հնարավորություն եք ստանում ներդրում կատարել բազմաթիվ ընկերություններում կամ ակտիվներում։
- ETF-ները սովորաբար հեշտ է գնել և վաճառել բորսայի աշխատանքային ժամերին, իսկ շատ ֆոնդեր ունեն համեմատաբար ցածր կառավարման ծախսեր։
🔴Ռիսկերը
- ETF-ի գինը կարող է արագ և անկանխատեսելի կերպով փոփոխվել։
- ETF-ի արժեքը կախված է այն շուկաների գնային շարժից, որոնց հետ կապված է տվյալ ինդեքսը։
8. Անշարժ գույք
Անշարժ գույքում ներդրում կատարելը նշանակում է գումար հատկացնել բնակարան, տուն, կոմերցիոն տարածք կամ այլ անշարժ գույք ձեռք բերելուն՝ հետագայում այն վարձակալության հանձնելու, ավելի բարձր գնով վաճառելու կամ բաժնեմասի դիմաց եկամուտ ստանալու նպատակով։
Ո՞ւմ համար է
Եթե ունեք ավելի մեծ կապիտալ, ցանկանում եք ներդրում կատարել ֆիզիկական ակտիվում և պատրաստ եք զբաղվել դրա կառավարմամբ, անշարժ գույքը լավ տարբերակ է։ Եթե չեք ցանկանում զբաղվել գույքի կառավարմամբ, կարող եք, օրինակ, հյուրանոցի մասնաբաժին ձեռք բերել։
Այն հարմար է նաև այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են երկարաժամկետ եկամուտ ստանալ վարձակալությունից։
Սկզբնական գումար՝ մոտ $40,000-ից։
🟢Առավելությունները
- Հնարավորություն եք ստանում պարբերական եկամուտ ստանալու։
- Անշարժ գույքը ֆիզիկական ակտիվ է, որի արժեքը որոշ շուկաներում և պայմաններում կարող է երկարաժամկետում աճել։
🔴Ռիսկերը
- Սկզբնական ներդրումը մեծ է, իսկ գույքը արագ վաճառելը կամ գումարը կանխիկի վերածելը կարող է դժվար լինել։
- Կան լրացուցիչ ծախսեր՝ վերանորոգում, սպասարկում, հարկեր, գույքի կառավարման վճարներ, ինչպես նաև վարձակալների բացակայության ժամանակաշրջաններ։
Եթե ուզում եք սովորել ներդրում կատարել անշարժ գույքում, դիտեք «Ինչպես կատարել ներդրում անշարժ գույքում և ստեղծել կապիտալ» դասընթացը։
9. Ոսկի և այլ թանկարժեք մետաղներ
Երբ ասում ենք «ներդրում կատարել ոսկու մեջ», խոսքը միայն ֆիզիկական ոսկի ձեռք բերելու մասին չէ։ Կարող եք ներդրում կատարել նաև ֆինանսական գործիքների միջոցով, օրինակ՝ ձեռք բերելով ոսկու գնի փոփոխությանը հետևող ETF-ներ։
Ոսկին հաճախ դիտարկվում է որպես պորտֆելի դիվերսիֆիկացման միջոց, հատկապես տնտեսական անորոշության ժամանակ։ Սակայն դրա գինը նույնպես կարող է նվազել։
Ո՞ւմ համար է
Եթե ցանկանում եք ձեր ներդրումային պորտֆելում ունենալ ակտիվ, որի արժեքը կախված չէ միայն ընկերությունների ֆինանսական արդյունքներից, կարող եք դիտարկել թանկարժեք մետաղները։ Դրանք կարող են լինել պորտֆելի լրացուցիչ բաղադրիչ, այլ ոչ թե ձեր բոլոր խնայողությունների հիմնական ներդրումային ուղղությունը։
Սկզբնական գումար՝ մոտ $130 (1 գրամ ոսկի),իսկ ոսկու ETF-ների միջոցով՝ ավելի քիչ։
🟢Առավելությունները
- Կարող են դիվերսիֆիկացնել ներդրումային պորտֆելը։
- Ոսկին կարող է պահպանել իր պահանջարկը տնտեսական և աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում։
🔴Ռիսկերը
- Ոսկին ինքնին պարբերական եկամուտ չի ստեղծում. շահույթը կախված է միայն գնի բարձրացումից։
- Ֆիզիկական ոսկու գնման, պահպանման և վաճառքի դեպքում կարող են առաջանալ լրացուցիչ ծախսեր և գնման ու վաճառքի գների տարբերություն։
10. Կրիպտոարժույթներ
Կրիպտոարժույթները թվային ակտիվներ են, որոնք ստեղծվում և շրջանառվում են բլոկչեյնի կամ այլ բաշխված տեխնոլոգիաների միջոցով։ Ամենահայտնի օրինակներն են Bitcoin-ը և Ethereum-ը։ Դրանց գները կարող են կտրուկ բարձրանալ կամ նվազել՝ կախված շուկայական պահանջարկից, կարգավորումներից, տեխնոլոգիական զարգացումներից և ներդրողների տրամադրություններից։
Ո՞ւմ համար է
Կրիպտոարժույթներում ներդրեք միայն այն գումարը, որը պատրաստ եք ամբողջությամբ կորցնել։
Սկզբնական գումար՝ մոտ $50։ Որոշ հարթակներ թույլ են տալիս գնել կրիպտոարժույթի շատ փոքր մասնաբաժին։
🟢Առավելությունները
- Աճի բարձր ներուժ։
- Շուկան գործում է շուրջօրյա, և որոշ հարթակներում հնարավոր է սկսել համեմատաբար փոքր գումարով։
🔴Ռիսկերը
- Գները կարող են շատ կարճ ժամանակում կտրուկ նվազել, և հնարավոր է կորցնել ներդրված գումարի մեծ մասը կամ ամբողջը։
- Կան խարդախության, կիբերհարձակումների, հարթակի սնանկացման, ակտիվների կորստի և կարգավորումների փոփոխության ռիսկեր։
11. Ստարտափներ
Ստարտափներում ներդրում կատարելը նշանակում է ֆինանսական միջոցներ տրամադրել զարգացման տարբեր փուլերում գտնվող նորաստեղծ ընկերություններին՝ դրա դիմաց ընկերության բաժնեմաս ձեռք բերելու կամ այլ ներդրումային պայմանավորվածության հիման վրա եկամուտ ստանալու նպատակով։
Օրինակ՝ կարող եք ներդրում կատարել նոր տեխնոլոգիական ընկերությունում, որը ստեղծել է արհեստական բանականության գործիք, ֆինանսական տեխնոլոգիական լուծում կամ նոր ծառայություն։ Եթե ընկերությունը հետագայում զարգանա, մեծացնի իր շուկայական արժեքը և հաջողությամբ ընդլայնվի, ձեր ներդրման արժեքը նույնպես կարող է աճել։
Ո՞ւմ համար է
Եթե ունեք ներդրումային փորձ, պատրաստ եք ընդունել բարձր ռիսկ և կարող եք երկար ժամանակ չօգտագործել ներդրված գումարը, կարող եք դիտարկել ստարտափներում ներդրումները։
🟢Առավելությունները
- Հաջողության դեպքում ներդրման արժեքը կարող է բազմապատկվել, երբեմն՝ 10 և ավելի անգամ։
- Հնարավորություն եք ստանում ներդրում կատարել նորարարական գաղափարներում և մասնակցել ընկերության զարգացմանը։
🔴Ռիսկերը
- Ստարտափների մեծ մասը չի հասնում սպասվող հաջողությանը։ Այդ պատճառով փորձառու ներդրողները հաճախ ներդրումներ են կատարում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ընկերություններում։ Վենչուրային ներդրումների ոլորտում 20–30 կամ ավելի ստարտափներից բաղկացած պորտֆելը կարող է օգնել բաշխել ռիսկը, քանի որ հնարավոր է՝ միայն մի քանի ընկերություն ապահովի զգալի եկամտաբերություն, իսկ մյուսները ձախողվեն։
- Ներդրումները սովորաբար ցածր իրացվելիություն ունեն. բաժնեմասը կարող է դժվար լինել վաճառել, իսկ ներդրման արդյունքին հասնելու համար երկար տարիներ են պահանջվում։
Եթե ցանկանում եք հասկանալ, թե ինչպիսին է ստարտափ էկոհամակարգն այժմ և ինչ պետք է իմանալ ստարտափներում ներդրումներ սկսելու համար, դիտեք մեր անվճար դասընթացը։

Հեղ.՝ Finance
Հրապարակվել է ՝ 02 Նոյ 2026