Ինչ սովորեցնել երեխային փողի մասին

Ինչ սովորեցնել երեխային փողի մասին

Երեխաների ֆինանսական վարքագիծը հաճախ ձևավորվում է շատ ավելի վաղ, քան մենք կարծում ենք։ Քեմբրիջի հետազոտությունները ապացուցել են, որ փողի արժեքը  և բազային ֆինանսական գիտելիքները երեխան ունակ է ընկալել մոտավորապես 7 տարեկանում։ 


Վաղ տարիքից ֆինանսական սովորություններ սերմանելն օգնում է հեշտ կողմնորոշվել ֆինանսական որոշումներ կայացնելիս ավելի մեծ տարիքում։


Հոգեբանության մեջ այս գաղափարը հաճախ բացատրվում է հայտնի «զեֆիրի գիտափորձով»։ Երեխաներն ունեին ընտրություն։ Նրանք կարող էին անմիջապես ուտել իրենց տրված մեկ զեֆիրը, կամ  սպասել 15 րոպե և դրա փոխարեն ստանալ երկու զեֆիր։


Հետագա փորձերը ցույց տվեցին, որ այն երեխաները, ովքեր կարողացել էին սպասել և հետագայում հաճախ ավելի լավ էին կառավարում իրենց ժամանակը, ֆինանսները, և ապրում էին ավելի բարեկեցիկ կյանքով։ 

Այս փորձը ինքնակառավարման, հետաձգված հաճույքի և երկարաժամկետ մտածողության մասին էր։ Այն հմտությունների, որոնք կազմում են ֆինանսական գրագիտության հիմքը։ 

Վաղ տարիքից այս հմտությունները սովորեցնելը մի քանի կարևոր առավելություն ունի․

  • Ձևավորում է պատասխանատվության զգացում: Երեխան հասկանում է, որ ունի սահմանափակ բյուջե, և սկսում է մտածված տնօրինել գրպանի գումարը։ 
  • Նպաստում է, որ ապագայում դառնան ֆինանսապես կայուն։ Այն երեխաները, որոնք վաղ տարիքից գիտեն փոխի արժեքը, կարողանում են խնայել և հեռու մնալ իմպուլսիվ գնումներից և կայացնել ֆինանսապես գրագետ որոշումներ։
  • Օգնում է վստահություն ձևավորել և որոշակիորեն անկախ դառնալ։ 

Ուստի փողի մասին երեխաների հետ պետք է խոսել հենց այսօր։ 

7 կարևոր ֆինանսական դաս երեխաների համար 

Երեխաների՝ փողի մասին պատկերացումները հիմնականում ձևավորում են ընտանիքում։ Ստորև ներկայացնում ենք մի քանի կարևոր ֆինանսական թեմա, որը կարող եք քննարկել Ձեր երեխայի հետ։ 

 

Սովորեցրեք, որ փողը սահմանափակ ռեսուրս է  


Այսօր երեխաները հաճախ տեսնում են, թե ինչպես ենք վճարում քարտով կամ հեռախոսով։ Դրա արդյունքում նրանց մոտ ստեղծվում է տպավորություն, որ եթե նույնիսկ կանխիկ գումար չկա, միևնույն է քարտին կամ հեռախոսին միշտ գումար կա։


Տվեք երեխային գումարը, և թողեք, որպեսզի խանութում ինքնուրույն վճարի։ Անգամ եթե իր ուզածի համար գումարը չի բավականացնում, նա սեփական փորձով կհասականա, որ չեք գնում, ոչ թե նրա համար, որ չեք ցանականում, այլ քանի որ գումարը չի բավականացնում։


Սովորեցրեք խնայել 


Կարևոր է երեխաներին  ցույց տալ, որ որոշ բաների համար պետք է սպասել և աստիճանաբար գումարը հավաքել։


Գնեք նրա համար խնայատուփ և օգնեք գումար խնայել, որից հետո միայն նա կկարողանա ձեռք բերել ցանկալի իրը։
 

Սովորեցրեք կառավարել ունեցած գումարը


Բացի գրպանի գումար տալուց՝ սովորեցրեք, թե ինչպես ծախսել այն։ 


Օրինակ՝ ներկայացրեք, որ ունեցած գումարով կա՛մ իր ուզած խաղալիքը կարող է գնել, կա՛մ քաղցրավենիքը, և բացատրեք, որ մեկը գնելու դեպքում մյուսին գումարը չի հերիքի։ 

Սովորեցրեք փողի արժեքը

 

Կարևոր է քննարկել՝ ինչպես է գումարը հայտնվում ընտանիքում, ինչու Դուք ևս չեք կարող անմիջապես գնել այն, ինչ ցանկանում եք, և այլն։


Երեխային «վարձատրեք» կատարած տնային գործերի, կամ օգնության դիմաց, և բացատրեք Ձեր օրինակով՝ ինչպես է Ձեզ մոտ հայտնվում գումարը։ 
 

Սովորեցրեք տարբերել կարիքներն ու ցանկությունները 


Երեխաները հաճախ ցանկանում են այն ամենը, ինչ տեսնում են խանութում կամ գովազդում։ Սակայն կարևոր է, որ նրանք սկսեն հասկանալ՝ ինչն է իրականում անհրաժեշտ, և ինչը պարզապես ցանկություն։


Բացատրեք՝ ինչու եք առաջին հերթին գնում սնունդը կամ դպրոցական պարագաները, իսկ խաղալիքները միշտ թողնում հետո։


Սովորեցրեք սահմանել ֆինանսական նպատակներ 


Երբ գտնում եք կոնկրետ նպատակ, երեխան ավելի հեշտ է հասկանում, թե ինչու պետք է խնայել կամ հրաժարվել որոշ գնումներից։


Կարող եք միասին որոշել, որ գումար եք հավաքում նոր հեծանիվի համար, օգնել խնայատուփում հավաքել անհրաժեշտ գումարը, և միասին գնալ գնումների։


Սովորեցրեք համեմատել տարբերակները 


Օրինակ՝ խանութում կարող եք ցույց տալ նույն ապրանքի երկու տարբերակ՝ տարբեր գներով կամ տարբեր քանակով և բացատրել՝ ինչու եք ընտրում հենց այդ տարբերակը։ 
 

Ֆինանսական գրագիտությունը ամենակարևոր հմտություններից մեկն է, որը կարող եք սովորեցնել Ձեր երեխաներին: Խոսքը միայն հաշվել և խնայել սովորեցնելու մասին չէ, այլ ձևավորելու մտածելակերպ, որը երեխային կօգնի լինել գիտակից գնորդ և դառնալ նախաձեռնող։ 

 

Իսկ թե ինչպիսի օրինակներով և մոտեցումով սովորեցնել՝ անդրադարձել ենք մեր առցանց դասընթացի ընթացքում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 


 

Finance Academy

Հեղ.՝ Finance Academy

Հրապարակվել է ՝ 09 Մար 2026