
10 լավագույն գրքերը ֆինանսական գրագիտության մասին
Դպրոցում մեզ սովորեցնում են բարդ բանաձևեր, բայց ոչ ոք չի բացատրում, թե ինչպես կառավարել սեփական փողը՝ ինչպես խնայել, ինչպես չընկնել ծախսերի թակարդը, կամ ինչպես գումարը աշխատեցնել քեզ համար։
Արդյունքում շատերը սովորում են այս ամենը փորձերի ու սխալների միջոցով։ Իսկ ֆինանսական գրագիտությունը հենց այն հմտություններից է, որը կարող է փոխել ոչ միայն քո վերաբերմունքը աշխատանքի և ժամանակի վերաբերյալ։
Առանձնացրել ենք գրքեր, որոնք օգնում են հասկանալ այս ամենը պարզ օրինակներով, պատմություններով և գործնական խորհուրդներով։
Մինչ ներկայացնենք ֆինանսական գրագիտության դասական գրքերի ցանկը, կարող եք ներբեռնել դրանց առցանց և անվճար տարբերակներն այստեղ։
#1 Ես քեզ կսովորեցնեմ ինչպես հարստանալ — Ռամիտ Սեթի
Այս գիրքը հատկապես այն երիտասարդների համար է, ովքեր ուզում են սովորել կառավարել անձնական ֆինանսները, սակայն չեն ուզում հրաժարվել կյանքի հաճույքներից։ Գրքում ներկայացված է այն 6-շաբաթյա պլանը, որն օգնում է ավտոմատացնել խնայողությունները, գտնել երազանքի աշխատանքը, և խելամիտ ծախսել։
«Հարստանալու համար ամենակարևոր գործոնը ոչ թե սենյակում ամենախելացի մարդը լինելն է, այլ սկսելը»։
Ռամիտ Սեթի
#2 Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ — Ռոբերտ Կիյոսակի
Ֆինանսական գրագիտության ամենահայտնի գրքերից մեկն է, որը բացատրում է հարուստ և աղքատ մտածողության տարբերությունը։ Կիյոսակին այն ներկայացնում է երկու «հայրիկների» օրինակով և մանրամասնում՝ ինչպես են մարդիկ ընկալում փողը, աշխատանքը և ներդրումները։ Գիրքը կսովորեցնի հասկանալ ակտիվների և պարտավորությունների տարբերությունը և մտածել ֆինանսական անկախության մասին։
«Ձեր ապագան ստեղծվում է այն բաներով, որոնք դուք անում եք այսօր, այլ ոչ թե այն բաներով, որոնք դուք անելու եք վաղը»:
Ռոբերտ Կիյոսակի
#3 Հարուստ հայրիկի դրամական հոսքերի կվադրանտ— Ռոբերտ Կիյոսակի
Այս գիրքն ավելի խորությամբ է բացատրում, թե ինչպես են մարդիկ գումար վաստակում։ Կիյոսակին բաժանում է մարդկանց 4 խմբի՝ աշխատողներ, անհատ ձեռնարկատերեր, բիզնեսի սեփականատերեր և ներդրողներ։ Գիրքը հիմնված է այն գաղափարի վրա, որ ոչ թե հարկավոր է փողի համար աշխատել, այլ անել այնպես, որ փողը քեզ համար աշխատի։ Հենց այս բանաձևն էլ կբացահայտեք գիրքը կարդալուց հետո։
«Շատերը ներդրումներ են կատարում, քանի որ ցանկանում են արագ հարստանալ։ Այսպիսով, ներդրող դառնալու փոխարեն, նրանք դառնում են երազողներ, խարդախներ, խաղամոլներ և խաբեբաներ»։
Ռոբերտ Կիյոսակի
#4 Խելացի ներդրողը — Բենջամին Գրեհեմ
Գիրքն օգտակար կլինի, եթե ցանկանում են հասկանալ ֆոնդային շուկայի տրամաբանությունը և նպատակ ունեք երկարաժամկետ ներդրումներ անել։ Գրքում ներկայացվում են ներդրումային ռիսկերի կառավարումը, շուկայի վարքագիծը և «արժեքային ներդրումների» գաղափարը։
«Մյուս կողմից էլ, ներդրումներն էլ յուրատեսակ խաղատուն են, որտեղ վերջում չես կարող պարտվել, քանի դեռ խաղում ես այն կանոններով, որոնք ամեն բան քո օգտին են աշխատեցնում»։
Բենջամին Գրեհեմ
#5 Միլիոնատեր հարևանը — Թոմաս Սթենլի և Ուիլյամ Դանկո
Գիրքը հիմնված է իրական հետազոտությունների վրա և ցույց է տալիս, թե ովքեր են իրականում միլիոնատերերը։ Հեղինակները բացահայտում են, որ շատ հարուստ մարդիկ ապրում են համեստ կյանքով և պարզապես կարողանում են խելացիորեն կառավարել իրենց եկամուտը։ Գիրքը ներկայացնում է այն 7 սովորությունները, որոնք հանդիպում են հարուսների շրջանում։ Գիրքը կսովորեցնի խնայելու, խելամիտ ծախսելու և երկարաժամկետ ֆինանսական կարգապահություն ունենալու կարևորությունը։
«Շատ մարդիկ, ովքեր ապրում են թանկարժեք տներում և վարում շքեղ մեքենաներ, իրականում մեծ հարստություն չունեն։ Մի ավելի տարօրինակ փաստ էլ հայտնաբերեցինք։ Մեծ հարստություն ունեցողներից շատերը նույնիսկ շքեղ թաղամասերում էլ չեն ապրում»։
Թոմաս Սթենլի
#6 Բաբելոնի ամենահարուստ մարդը — Ջորջ Սամուել Քլեյսոն
Ֆինանսական դասերը այս գրքում ներկայացված են պատմությունների և առակների միջոցով։ Գիրքը պատմում է հին Բաբելոնի բնակիչների մասին և նրանց միջոցով փոխանցում փողի կառավարման պարզ կանոններ։ Հետաքրքիր օրինակների միջոցով կարող եք սովորել խնայողության, պարտքերի կառավարման և փողը աշխատեցնելու հիմնական սկզբունքները։
«Իմ վաստակած ամեն ինչի մի մասը իմն է, որն էլ պետք է պահեմ»։ Կրկնիր սա առավոտյան, երբ նոր արթնանում ես, կեսօրին, գիշերը։ Կրկնիր ամեն օր, ամեն ժամ։ Այնքան, մինչև բառերը երկնքում կրակե տառերի պես գրվեն»։
Ջորջ Սամուել Քլեյսոն
#7 Փողի հոգեբանությունը — Մորգան Հաուզել
Գիրքը ներկայացնում է, թե ինչպես են մեր վարքագիծը, զգացմունքները և մտածողությունը ազդում մեր ֆինանսական որոշումների վրա։ Հաուզելը ցույց է տալիս, որ ֆինանսական հաջողությունը միշտ չէ, որ կախված է միայն գիտելիքից։ Շատ հաճախ ավելի կարևոր է մեր ծախսելու վարքագիծը։ Գիրքն ընդգծում է այն գաղափարը, որ հարստանալու և հաջողության հատուկ բանաձև չկա։ Պարզպաես անհրաժեշտ է կառավարել մեր վախը, ագահությունն ու սովորությունները։
«Գումար ծախսել՝ ուրիշներին ցույց տալու համար, թե որքան շատ գումար ունեք Ձեր գումարը քչացնելու ամենաարագ ձևն է»։
Մորգան Հաուզել
#8 Հարստանալու գիտությունը — Ուոլաս Դ. Ուոթլզ
Գիրքն ընդգծում է մտածողության և ֆինանսական հաջողության միջև կապը։ Հեղինակը ներկայացնում է, թե ինչպես կարող է ճիշտ մտածելակերպը և նպատակային գործողությունները օգնել հասնել նյութական բարեկեցության։ Այն հատկապես հետաքրքիր կլինի եթե սիրում եք ինքնազարգացման թեմայով գրքեր։
«Ուշադրություն դարձրու խոսքիդ։ Երբեք քո, քո գործերի կամ որևէ այլ բանի մասին հուսահատատ կերպով մի արտահայտվիր»
Ուոլաս Դ. Ուոթլզ
#9 Մտածիր և հարստացիր — Նապոլեոն Հիլ
Անձնական հաջողության ամենահայտնի գրքերից մեկն է, որը հիմնված է բազմաթիվ հաջողակ մարդկանց փորձի ուսումնասիրության վրա։ Նապոլեոն Հիլը խոսում է նպատակների հստակ ձևակերպման, ուժերին հավատալու, համառության և ճիշտ մտածողության մասին։ Գիրքը կօգնի Ձեզ հասկանալ՝ ինչպես են մտածողությունն ու մոտիվացիան ազդում ֆինանսական հաջողության վրա։
«Դու ես քո ճակատագրի տերը։ Դու կարող ես ազդել քո միջավայրի վրա և վերահսկել այն։ Կարող ես դարձնել քո կյանքը այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որ այն լինի»։
Նապոլեոն Հիլ
#10 Փողդ կամ կյանքդ — Վիկի Ռոբին և Ջո Դոմինգես
Գիրքը հիմնված է այն գաղափարի վրա փողը կյանքի էներգիան է և այն ժամանակը, որը մենք ծախսում ենք եկամուտ ունենալու համար։ Յուրաքանչյուր ծախսված դրամ ժամանակ է, որն այլևս չենք կարող ետ բերել։ Գրքում ներկայացված 9 քայլից բաղկացած ծրագիրը կօգնի վերջ տալ անկարևոր ծախսերին և գումարն ավելի խելացի տնօրինել։
«Փողն այն է, ինչի դիմաց մենք որոշել ենք փոխանակել մեր կյանքի էներգիան»։
Վիկի Ռոբին
Սրանք ֆինանսական գրագիտության դասական գրքեր են, որոնք օգնում են տարբեր տեսանկյուններից հասկանալ փողի կառավարումը՝ սկսած խնայողությունից և բյուջետավորումից մինչև ներդրումներ և ֆինանսական անկախություն։ Սակայն կարող եք գտնել գաղափարներ, որոնց հետ այդքան էլ համաձայն չեք։ Պարզապես կիրառեք այն քայլերը, որոնք համատասխանում են Ձեր փիլիսափայությանը։
Բոլոր գրքերին առցանց հասանելիություն կարող եք ստանալ այստեղ։

Հեղ.՝ Finance Academy
Հրապարակվել է ՝ 16 Մար 2026